Դիզայնի պարզությունը օգնում է օգտատիրոջ հոսքը դարձնել հասկանալի, իսկ գործողությունները՝ կանխատեսելի։ Երբ ամեն ինչ ունի հստակ տեղակայում, որոշումը կայացվում է արագ, գործողությունը կատարվում է հեշտությամբ, և մարդը սահուն անցնում է ամբողջ հոսքով։
Պարզ դիզայնը պատահական չէ։ Այդ պարզության հետևում միշտ կան մտածված և գնահատված որոշումներ։ Ինչն է կարևոր այս պահին։ Ինչ խնդիր պետք է լուծի տվյալ ընթացքը։ Ինչ բովանդակություն է պետք թողնել, որպեսզի խոսքը լինի կարճ և հստակ։ Որ քայլը կարելի է կրճատել։ Որ պահին է պետք վստահություն ավելացնել։
Դիզայների աշխատանքի մեծ մասը վերջնական արդյունքում ակամյաից չի երևում։ Այն բազմաթիվ ենթադրությունների փորձարկման, ստուգման և հստակեցման արդյունք է։ Եվ հենց այստեղ է հետաքրքիր հակասությունը․ որքան լավ է լուծումը, այնքան ավելի հեշտ է այն թերագնահատել։
Հաճախորդը կամ թիմը կարող է նայել վերջնական դիզայնին ու մտածել․ «բայց սա շատ պարզ է»։ Իրականում այդ պարզությունը պատահական չէ։ Դա բարդությունը մաքրելու արդյունք է։
Հեշտ է ավելացնել նոր տեսողական տարրեր՝ դիզայնը ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Ավելի դժվար է թողնել միայն այն, ինչը իրական արժեք ունի։ Տարիների ընթացքում ես ավելի ու ավելի եմ համոզվել, որ դիզայնի ամենաբարդ մասը ոչ թե ավելացնելն է, այլ հեռացնել այն ինչը ավելորդ է, զտելով դիզայնը։
Լավ դիզայնը չի փորձում ամեն գնով զարմացնել։ Նրա ուժը հաճախ հանգիստ ու պարզ լինելու մեջ է։ Այն չի ծանրաբեռնում օգտատիրոջ միտքը, այլ կենտրոնացնում է ուշադրությունը կարևորի վրա։
Պարզությունը մտածված ընտրություն է և այն կապում է օգտատիրոջ կարիքը պրոդուկտի նպատակի հետ։