Ես հաճախ հանդիպել եմ դեպքերի, երբ usability test-ը իրականացվում է փոքր խմբի օգտատերերի ներգրավմամբ։ Առաջին հայացքից դա տրամաբանական է թվում․ կարծես թե մի քանի փորձարկում արդեն բավարար է առաջին խնդիրները բացահայտելու համար։ Բայց իրականում փոքր նմուշը հաճախ մոլորեցնում է և առաջացնում խնդիրներ։
Փոքր նմուշը թակարդ է․ նման դեպքում արդյունքները հաճախ պատահական են և ոչ ներկայացուցչական։
Օրինակ՝
- Եթե թեստում ընդգրկված են միայն մի քանի օգտատերեր, հնարավոր է երեքն ունենան նույն դժվարությունը։ Դա կարող է թվալ որպես «մեծ usability խնդիր», մինչդեռ ավելի լայն նմուշի դեպքում պարզ կդառնա, որ դա ընդամենը եզակի դեպք էր։
- Կամ հակառակը՝ այդ փոքր խմբում բոլորը հեշտությամբ անցնում են flow-ը, և եզրակացվում է, թե «ամեն ինչ հիանալի է»։ Բայց մեծ թվով օգտատերերի ներգրավմամբ պարզ կդառնա, որ իրականում կան լուրջ խոչընդոտներ։
Սա վիճակագրության պարզ կանոն է․ փոքր նմուշները ավելի հաճախ ծայրահեղ արդյունքներ են տալիս։
Իսկ երբ usability test-ում ներգրավվում է ավելի մեծ խումբ՝ 15, 20 կամ նույնիսկ 30 օգտատեր, պատկերը կտրուկ փոխվում է։ Սկսում ես տեսնել կրկնվող վարքագիծ։ Եթե նույն խնդիրն ի հայտ է գալիս տարբեր օգտատերերի մոտ, դա արդեն հստակ ազդանշան է։ Այս կերպ դիզայները կարող է տարբերել՝ ո՞ր խնդիրներն են կրիտիկական, իսկ որոնք՝ երկրորդական։ Անհատական դժվարությունները այլևս չեն շփոթում ընդհանուր պատկերը։
Օրինակներ
- Փոքր նմուշի դեպքում երեք օգտատեր չեն գտնում search bar-ը։ Թվում է՝ սա լուրջ usability խնդիր է։ Բայց երբ փորձարկվում է 20 օգտատիրոջ հետ, պարզվում է՝ այդ 3-ը բացառություն էին, իսկ մնացածը շատ հեշտ գտնում էին։
- Մեծ նմուշի դեպքում՝ 25-ից 18 օգտատեր դժվարանում են checkout flow-ում։ Այստեղ արդեն վիճակագրությունը խոսում է ինքն իր մասին․ սա իրական խնդիր է, ոչ թե պատահականություն։
Եզրակացություն
Usability test-ը միշտ էլ արժեքավոր է, բայց դրա արժեքը բազմապատկվում է, երբ նմուշի չափը ճիշտ է ընտրված։
- Փոքր նմուշները լավ են արագ վավերացման և նախնական պատկեր ստանալու համար։
- Ավելի մեծ նմուշն անհրաժեշտ է, երբ ուզում ես ավելի իրական պատկեր և վստահելի տվյալներ՝ կարևոր որոշումներ կայացնելու և դրանցով առաջնորդվելու համար։
Usability test-ի իրական ուժը ոչ միայն սցենարներում ու հարցերում է, այլև՝ նմուշի ճիշտ չափի մեջ։ Որքան մեծ է օգտատերերի խումբը, այնքան մոտ ես իրականությանը։